Aram Abrahamyan Արամ Աբրահամյան

* 1960

  • - Եթե մարդիկ հիասթափվեցին ՀՀՇ-ից, նշանակում է՝ հիասթափվեցին 88-ի՞ց։ - Որոշ չափով այո։ Բայց ես բաժանում եմ ազնիվ շարժումը, որը նախ և առաջ ուղղված էր Արցախը հայկական պահելուն և այնուհետև պետություն ունենալուն բոլոր տեսակի բացասական բաներից։

  • Ես հասկանում էի, որ այն արատները, որոնք հետագա նախագահների ժամանակ շատ պարզորոշ դարձան՝ կամայականություններ, սեփական թիմը պաշտպանելու մոլուցքը և սեփական թիմի անդամներին թույլ տալ, այն ինչ մնացած մահկանացուներին թույլատրելի չէ, իհարկե, սկսվեց իննսունականների սկզբից։ Բայց բոլոր դեպքերում, ինչու էի ես աշխատում մամուլի քարտուղար, շատ պարզ։ Ես իննսուներկու թվին երեսուն երկու տարեկան էի։ Ես բանակում չէի ծառայել, ոչ էլ խորհրդային բանակում։ Կոնսերվատորիայից հետո երեք տարի աշխատում էի որպես երգի ուսուցիչ։ Դա ազատում էր բանակից։ Տեսնում էի, որ իմ հասակակիցները գնում են ռազմաճակատ և կռվում են և կրակում են և զոհվում են հայրենիքի համար՝ Արցախի համար՝ Ես կրակելու ոչ մի ունակություն չունեմ, բայց կարող էի իմ իմացածի չափով նպաստել մեր հաղթանակին։ Եվ 1992-ին մտա այդ աշխատանքի 94-ի փետրվարին կամ մարտին, երբ պարզ էր, որ մենք հաղթել ենք, կամ մեծ հաջողություններ ենք ունեցել (չեմ ասի հաղթել ենք) և հիմա պատերազմը ավարտվելու է, ես այդ աշխատանքից դուրս եկա։

  • (Երկրորդ իշխանության ժամանակ) իմ նկատմամբ էլ է բռնություն կիրառվել, որը նույնպես չի բացահայտվել։ Ես արդեն Առավոտ թերթի խմբագիր էի։ Չէ դեռ խմբագիր չէի, դեռ ազատ քաղաքացի էի։ Ինձ ասացին, որ դա արել է ԴՐՈ կառույցը՝ Դաշնակցության ԿԳԲ-ն, էսպես ասած։ Դրա վերաբերյալ, որքան հասկանում եմ, լուրջ հետաքննություն չի կատարվել։

  • Չեմ կարծում, որ իննսունվեցի ընտրությունը ճակատագրական նշանակություն ունեցավ։ Չնայած, բնականաբար, շատ վատ է, որ ընտրությունները կեղծվել են, բայց ես կարծում եմ, որ ճակատագրական նշանակություն ունեցավ (հիմա կասեք, որ լևոնական եմ, բայց պետք է ասեմ) 98-ի իշխանափոխությունը, որը թույլ չտվեց կարգավորել Ղարաբաղի հարցը խաղաղ ձևով և տարավ ազգայնական ռոմանտիկայի ճանապարհով, որով ապրում էինք մինչև 2020-ը։

  • Ասել, որ ես շատ մեծ հաճույք էի ստանաում էդ աշխատանքից, չեմ կարող, որովհետև պետական աշխատանքը իմը չի։ Պետական հիերարխիան, պետական խարդավանքները, ով քանի անգամ շեֆի մոտ մտավ, ով ավելի լավ է էս ինչ շեֆի հետ, ով ավելի լավ է՝ էդ ամենը ինձնից շատ հեռու է։

  • Բռնաճնշումներ, բնականաբար, (կային)։ 1994-ի դեկտեմբերի 28-ին արգելվեց բուն Դաշնակցությունը, արգելվեցին ոչ միայն բուն դաշնակցական թերթերը՝ «Երկիր»-ը, «Ազատամարտ»-ը և այլն, այլև էն թերթերը, որոնք խմբագրում էին բուն դաշնակցական մարդիկ՝ «Արագած», «Մարզաշխարհ» և այլն։ Եվ ի՞նչ է թերթի փակումը, եթե ոչ բռնաճնշում։

  • Ոչ Վանոն, ոչ էլ որևէ մեկը ինձ չէր ասում՝ սա գրեք, սա մի գրեք, ինչու եք սրան խոսացրել, ինչի եք սրանից հարցազրույց վերցրել և այլն։ Էդպիսի կաշկանդվածություն չկար։ Բայց որոշ վատ նյութեր որոշ մարդկանց մասին թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ոչ ոք չէր ստիպում գրել։ Բայց որոշ լավ բաների обязаловка կար էն ժամանակ և կա։

  • - Կա՞ր անկախ լրատվական իննսունականներին։ - Նայած՝ Դուք ինչ նկատի ունեք՝ անկախ լրատվական ասելով։ - Հովանավորություն չունեցող։ - Այո։ «Եթեր» և «Էֆիր» թերթերը միանգամայն անկախ էին։ Նրանք աշխատում էին իրենց տպաքանակը վաճառելով։ Մնացածը անկախ չէին։ Հնարավոր չէր և հնարավոր չէ քաղաքական օրաթերթ հրատարակել և որևէ հովանավոր չունենալ։ - Էդ դեպքում ովքե՞ր էին «Ա1+»-ի ու «Առավոտ»-ի հովանավորները։ - Տարբեր։ «Ա1+»-ի մասին չեմ կարող ասել, որովհետև ես չեմ տնօրենը։ Տարբեր մարդիկ էին։ Սկզբից դա Վանո Սիրադեղյանն էր։ - Դա արդեն չի՞ նշանակում, որ անկախ չէր։ - Իսկ ես ասում եմ, որ անկա՞խ էր։ - Չէ։ Ուղղակի զարմացա պատասխանից։

  • Ես տեսնում էի Ղարաբաղ կոմիտեի ու ընդհանրապես հեղափոխական գործունեության բացասական կողմերը։ Օրինակ՝ նրանք դրդեցին հանրահավաքի որոշ մասնակիցներին գնալ Զվարթնոց օդանավակայան, և այնտեղ բախում տեղի ունեցավ խորհրդային զորքերի հետ, ու մի երիտասարդ Խաչիկ Զաքարյան անունով զոհվեց։ Ես կարծում եմ՝ դա նրանց մեղքն է։ Նրանք ասում են՝ մեր մեղքը չէ։ Նրանք մտան Գերագույն խորհրդի այն ժամանակվա նախագահ Հրանտ Ոսկանյանի կաբինետ և ինչ-որ առարկայով խփեցին նրա գլխին։ Ես դա դատապարտում էի, բայց ես հասկանում էի, որ դա ընդհանուր առմամբ ճիշտ շարժում է, բայց հիացական, հերոսացման, միֆականացման վերաբերմունք չունեի։

  • Իմ բնույթով, իմ հոգեկերտվածքով, կարելի է ասել, ես կաբինետային մարդ եմ ես ընդհանրապես չեմ սիրում հրապարակայնություն, չեմ սիրում դուրս գալ փողոց, բայց բնականաբար այդ ժամանակ չեմ պատկերացնում մարդու, որը միտինգի շարքային մասնակից չէր։ Ես միտինգների շարքային մասնակից էի և շատ լավ հիշում եմ, որ Ղարաբաղ կոմիտեն, այսպես ասած, տիրացել էր արդեն հրապարակին, հետո եկան Հայրիկյանի կողմնակիցները, ինքը դեռ անազատության մեջ էր։ Հորս ասացի՝ այս մարդիկ Մովսես Գորգիսյանը, մյուսները, կարծես թե ուրիշ բան են պահանջում, Արցախ չեն պահանջում, նրանք պահանջում են Հայաստանի անկախությունը։ Հայրս ասաց՝ առանց Հայաստանի անկախության դժվար է հասնել Արցախի ազատագրմանը։

  • Ինձ համար (88-ը) առանձնապես անակնկալ չէր։ Ես հիշում եմ՝ աշխատում էի պետական հեռուստատեսությունում, այն ժամանակ միայն պետականն էր, և մենք հաղորդում էինք պատրաստել Մոսկվայի համար Աբովյան փողոցի մասին։ Դա արդեն 1986ն էր՝ վերակառուցումն արդեն սկսվել էր։ Այնտեղ կային որոշ բաներ, որոնք այդքան էլ ազգային չէին թվում։ Աբովյան փողոցի մասին էր, իսկ Խաչատուր Աբովյանը, պարզ է, որ ուներ ռուսական կողմնորոշում։ Մենք խոսում էինք նաև բուն Խաչատուր Աբովյան մասին, և ես հիշում եմ թե Գրողների միությունը, Գրական թերթը, մտավորականների այլ տարբեր շրջանակներ ինչ բացասական էին ընկալել։ Այդ ժամանակ կար արդեն այդ ազգային ընկլումը, որը իր արտայտությունը ստացավ 88-ին։

  • Կոնսերվատորիան բավականին ազատ ԲՈՒՀ էր, ռեկտորը Ղազարոս Սարյանն էր՝ Մարտիրոս Սարյանի որդին, նա պատերազմի վետերան էր, և այդպիսի մարդուն դժվար էր որևէ բան պարտադրել։ Նա պաշտպանված էր երկու կողմից և թույլ էր տալիս մեզ բավականին ազատ արտահաայտություններ անել, բնականաբար՝ ստեղծագործական։ Խնդիրներ չունեինք ինքնաարտահայտվելու։ Բնականաբար հասկանում էինք, թե Սովետական Միությունը ինչ է և խոհանոցներում անեկդոտներ էինք պատմում Բրեժնևի մասին։ Բայց հիմա, ռետրոսպեկտիվ հայացքով նայելիս, այնուամենայնիվ, կար որոշակի գաղափարախոսություն, որը սխալ էր, բայց կար նաև ուշադրություն մշակույթի ու կրթության հանդեպ, որը յուրովի էր արտահայտվում և ուներ գաղափարախոսական սահմանափակումներ, բայց լավագույն գործերը, որ մինչև հիմա էլ կատարվում են ստեղծվել են հենց խորհրդային շրջանում։

  • Չնայած ես Լենինյան թոշակառու էի դա չէր խոսում այն մասին, որ ես հավատում էի։ Երբ ես ուսանող էի ու բարձր դասարանների աշակերտ, ոչ ոք չէր հավատում կոմունիստական գաղափարներին, դրա մասին խոսվում էր ինչ-որ ամբիոններից, ինչ-որ հոդվածներում, բայց ասվում էր ասելու հաամր։ Ինձ թվում է առաջին դեմքերը՝ Կարեն Դեմիրճյանն ու մնացածը նույնպես չէին հավատում այդ գաղափարներին։ Պարզապես էդպես էր պետք ասել։

  • «Ա1+»-ը , ր ստեղծվեց, մենք ռեպորտաժներ էինք պատրաստում «Վեստի»-ի համար՝ ռուսական հեռուստաընկերության համար՝ հիմա կոչվում է «Ռոսիա», էն ժամանակ РТР էր կոչվում։ Եվ այդ ռեպորտաժները հիմնականում ես էի պատրաստում, Հայաստանից ռեպորտաժները ես էի պատրաստում։ Մի ռեպորտաժ տալիս էին Հայաստանից, մի ռեպորտաժ Ադրբեջանից։ Պատերազմի առաջին ամիսներին ես նաև ռազմաճակատից էի ռեպորտաժներ պատրաստում։ Ըստ երևույթին՝ դա հավանեցին, այսինքն՝ անձամբ Տեր-Պետրոսյանը երևի հավանեց և այդ պատճառով ինձ հրավիրեց սկզբից մամուլի խոսնակի տեղակալ։ Մամուլի խոսնակը իմ լավ ընկերն էր։

  • Celé nahrávky
  • 1

    Yerevan, 24.11.2023

    (audio)
    délka: 50:53
    nahrávka pořízena v rámci projektu Memory of Armenian Nation
Celé nahrávky jsou k dispozici pouze pro přihlášené uživatele.

Լրագրող եւ առաջին նախագահի մամուլի քարտուղար

Արամ Աբրահամյան
Արամ Աբրահամյան
zdroj: pamětník

Լրագրող Արամ Աբրահամյանը ծնվել է 1960-ին Երևանում՝ դասախոսների ընտանիքում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հայ փիլիսոփա Լևոն Աբրահամյանի որդին է։ Կոնսերվատորիան ավարտելուց մի քանի տարի անց աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմում։ Երկու տարի անց հիմնադրել է «Առավոտ» օրաթերթը։ Աբրահամյանի խոսքով՝ ինչպես բոլոր լրատվականները, «Առավոտ»-ը ևս լիարժեք անկախ չէր։ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող էր, երբ սկսվեց 1988-ի շարժումը։ Պատմում է, որ ցույցերի շարքային մասնակից էր, նախաձեռնողականությամբ ու հեղափոխական գաղափարներով աչքի չէր ընկնում։ «Իմ բնույթով, իմ հոգեկերտվածքով, կարելի է ասել, ես կաբինետային մարդ եմ, ես ընդհանրապես չեմ սիրում հրապարակայնություն, չեմ սիրում դուրս գալ փողոց, բայց բնականաբար այդ ժամանակ չեմ պատկերացնում մարդու, որը միտինգի շարքային մասնակից չէր։ Ես տեսնում էի Ղարաբաղ կոմիտեի ու ընդհանրապես հեղափոխական գործունեության բացասական կողմերը։ Ես հասկանում էի, որ դա ընդհանուր առմամբ ճիշտ շարժում է, բայց հիացական, հերոսացման, միֆականացման վերաբերմունք չունեի»։ Ավելի ուշ առաջին նախագահի աշխատակազմում, իշխանության խոսափողի պաշտոնում, հիացական վերաբերմունք չուներ նաև իշխանության նկատմամբ։ Իր խոսքով՝ ականատես է եղել մամուլի նկատմամբ ճնշումների և այլ կամայականությունների։ Երկու տարի անց, իր առաքելությունն ավարտված համարելով, «Առավոտ»-ում ազատ արտահայտում էր իր կարծիքը՝ «այնքան ազատ, որքան լրագրողը կարող է լինել»։ «Վատ նյութեր որոշ մարդկանց մասին թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ոչ ոք չէր ստիպում գրել։ Բայց որոշ լավ բաների обязаловка կար էն ժամանակ և կա»։ Մի քանի գրքերի, այդ թվում՝ երաժշտագիտական վերլուծությունների հեղինակ է։ Դրանք են՝ «Գերմանական կվինտետ. ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուկների մասին», «Հանճարը առասպելից դուրս. ազատ գրառումներ Մոցարտի մասին» և «Երկնքով ու առանց երկնքի. ազատ գրառումներ ազատության և հավատքի մասին գրքերը»։