Շենգավիթի պիոներ պալատում նիստը եղավ։ Էդ նիստը վարողը ես էի։ Բավական շատ մարդ էր արդեն հավաքվել։ Ի դեպ, պիտի ասեմ, որ էդ նույն շրջանում, մինչև էդ, մենք արդեն Աբովյանում էլ մասնաճյուղ ունեինք։ Եվ Աբովյանում, եթե չեմ սխալվում, երևի հենց դեկտեմբերին ա եղել՝ մշակույթի պալատում, Ռուբեն Հախվերդյանի և Մեսչյանի համերգը կազմակերպեցինք։ Դա էլ մի պատմություն էր, որովհետև Աբովյանի տղաների հետ միասին քաղաքում մենք թռուցիկներ էինք․․․ աֆիշաներ, թռուցիկներ չէր այսինքն, հայտարարություններ, որ համերգ պիտի լինի։ Կպցնում էինք պատերին, մեր հետևից մաքրում էին կոմսոմոլները։ Ստիպված, այսինքն, «Սիրիուս» և այլն գործարաններում էդպես թռուցիկների նման սկսեցինք հայտարարությունները տարածել։ Համերգը կայացավ։ Բայց էդ քանի ամիսների ընթացքում հետաքրքիրն էն էր, որ երիտասարդական շարժում էր ստեղծվել, և անդամները շատանում էին, մարդկանց թիվը միշտ շատանում էր։ Մեզ, օրինակ, այն ժամանակ ԱԵՄ-ից Մովսես Գորգիսյան և այլն հանդիպեցին։ Նույնիսկ էն ժամանակ ուզում էին «Անկախություն» թերթը տարածել։ Մենք ասում էինք՝ ո՛չ, հազիվ ենք դահլիճը գտել, հետո կարգելեն, բան, սպասեք ուրիշ անգամ։ Վերջը։ Այսինքն՝ ոչ թե մենք գաղափարին էինք դեմ, այլ մենք մի քիչ ավելի զգուշավոր էինք, մենք մտածում էինք, որ չի կարելի էսպես ցնցումներով։ Ես գոնե էդպես եմ մտածում։ Կարող ա «Գոյապայքար»-ից ուրիշ մեկին հրավիրեք, ինքը ուրիշ տպավորություն ունենա։ Բայց իմ բանը էդ ա եղել էն ժամանակ, որ պետք չի գնալ առճակատման, որովհետև․․․ Ոչ թե որովհետև մեզ համար ենք վախենում, այլ․․․ Մի 5 տարի, 6 տարի առաջ պատրաստ էինք մեռնելու այդ գաղափարի համար, այլ որովհետև էդ գիտակցությունը արդեն կար։ Էդ ռոմանտիզմը, ասում եմ, արդեն անցել էր, որովհետև էդ նահատակությունը միայն նահատակություն չի, որ գաղափար ա պահում, էդ նաև պահ ա, որ ինչ-որ մի շրջան մարդիկ վախեցած լինեն։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում։ Էդ հոգեբանությունից պետք էր ազատվել։ Ուրիշները, էլի եմ ասում, տարբեր․․․ Իմ մեջ բեկումը, որ տեղի ա ունեցել էդ ռոմանտիզմի և մի քիչ ավելի ռեալիստ լինելու մեջ, էդ շրջանն ա եղել՝ 87 թվականը, այսինքն՝ բանակից գալը և բանակը, բանակում էլ։ Ուրեմն փետրվարի 16-ին, հավանաբար, մենք ունեցանք նիստը պիոներ պալատում Շենգավիթի։ Եվ հաջորդ օրը արդեն միտինգ ունեցանք։ Աբովյանի տղաները լավ կազմակերպել էին էդ։ Էդ մենակ մեր բանը չէր, պետք ա արդար լինել։ Իրենք ժամ էին ճիշտ ընտրել, այսինքն՝ մենք միասին ճիշտ ընտրել ենք ժամը՝ 3-4-ին, երբ որ «Սիրիուս»-ից աշխատողները գալիս էին։ Մարդկանց մի հսկայական զանգված էր էդ, որ գալիս էին կամ ավտոկայան, ովքեր շրջանի գյուղերից էին գալիս, աշխատում էդ մեծ գործարաններում, նաև էդտեղից ավտոբուսը՝ քաղաքային տրանսպորտն էր աշխատում։ Ուրեմն մենք, երբ որ միտինգը սկսեցինք, արդեն ավտոկայանը ոչ միայն լիքը մարդ կար, այլ նաև ավտոկայանի աշխատանքը պարալիզացվեց, ուղղակի դարձավ մեծ խնդիր։ Մենք չենք էլ մտածել, որ կարող ա էդպիսի բան անել։ Հետո՝ միլիցիայություն, էն ժամանակ ոստիկանություն չէր, միլիցիայություն էր, եկան, շրջկոմից եկան, մեզ համոզեցին, որ գնանք ավելի բաց տեղ։ Մի 2 ժամ հետո մեզ մի կերպ համոզեցին, կարելի է ասել։ Գնացինք մշակույթի պալատի մոտ։ Էնտեղ միտինգը եղավ՝ բուն միտինգը։ Անգամ շրջկոմի քարտուղարը միկրոֆոնի դինամիկն էր բերել ստեղից, ասել՝ տեսեք ես ինչ բարի եմ։ Էնտեղ մենք մի փոքր, էսպես ասած, լեզվակռիվ ունեցանք։ Ինքն ուզում էր՝ դահլիճ մտնեինք, մենք չէինք ուզում դահլիճ մտնել։ Էդպես էդ օրը անցավ։ Մենք միտինգը ավարտեցինք մի բանով, որ հաջորդ օրը կենսաքիմիական գործարանի մոտ պիտի միտինգը արվի։ Կենսաքիմիական գործարանի մոտ մարդկանց թիվը նախորդ օրվանից 3-4 անգամ ավելի էր։ Էն որ ասում եմ 3-4 անգամ ավելի, իսկապես շատ-շատ էր։ Ամբողջ փողոցը փակվեց, էդ Բյուրեղավան տանող ճանապարհը։ Գործարանի դարպասները փակ էին։ Մի մասը մեքենաների շարժիչների թափքն էին բարձրացրել էդպես, մի մասը՝ ցանկապատների վրա։ Մի պահ եկավ, որ էդ զանգվածը, մեր հնարավորությունները խոսել իրանց հետ, տեխնիկապես չի հերիքում։ Պրովոկացիա անելը հեշտ ա։ Ես, էլի եմ ասում, կոնկրետ իմ հիշողություններն եմ ասում։ Չի երևում, որ եթե տնօրինության հետ անգամ մի բան խոսենք, ինչ-որ մի բանի հասնենք, իրենք չեն մեկ ա որոշողը, իրենք չեն որոշելու՝ փակե՞ն, թե՞ չփակեն էդ։ Մի վիճակ առաջացավ, որից պետք էր լուծում գտնել։ Այ էս ա ռեալիզմը, ասում եմ, որ իրավիճակում դու կարողանաս ճիշտ կողմնորոշվել։ Ու էդ իրավիճակում նենց էր, որ պրովոկացիա անելը շատ հեշտ էր։ Պրովոկացիայից հետո կարող էին մարդիկ տուժել, ու մեր ամբողջ էդ կազմակերպած բանը կդառնար ձախողում։ Դրա համար էդ որոշումը կայացվեց։ Առաջին որոշումը հետևյալն էր․ լրագրողներ կանչել, որովհետև մի տեսակ առաջին անգամ էդ զանգվածի առաջ ես դու, իրենց համար պատասխանատու ես։ Բայց մեկը, որ լրագրողների հետևից գնաց, ես տաքսիով Երևան եկա, որ լրագրողների իմաց տամ, որովհետև էն ժամանակ ո՛չ բջջային կար, ո՛չ մի բան, կամ մի հեռախոսով պիտի մի տեղ զանգեիր, հույս չունես, թե ինքը իր գործը կանի թե չի անի։ Ես «Գարուն»-ի խմբագրությունից հետո տղաներից իմացա, թե ուր են հասել։ «Գարուն»-ի խմբագրություն զանգեցին իրանք։ Ես չեմ հիշում հիմա՝ ով էր զանգողը։ Եվ ասեցին, որ Ավանով իջնում են արդեն։ Եվ երկրորդ որոշումը էդ էր․ այսինքն, քանի որ սենց վիճակ ա առաջացել, լուծում չկա, քայլենք Երևան, ուրեմն, Կենտկեմի շենք, կամ՝ չգիտեմ, ճանապարհին կորոշենք։ Բայց գոնե թույլ չենք տա, որ պրովոկացիա լինի։ Եվ քայլերթի ժամանակ հեշտ կլինի արդեն վերահսկել վիճակը։ Այդպես քայլերթով Աբովյանը հսկայական զանգվածով եկանք մինչև Օպերայի հրապարակ, էնտեղից էլ՝ Կառավարության շենք։ Կառավարության շենքում արդեն, դժվարանում եմ ասել՝ մեզնից մարդիկ ընդունեցին թե չէ։