Մենք երրորդ կուրսում էինք սովորում, և ես ծանոթացել էի Սամվել Գևորգյանի հետ, որը ռադիոյում էր աշխատում։ Իմ բանաստեղծությունները և թարգմանությունները հատկապես, որովհետև բանաստեղծություններս ինչ-որ պահից սկսեցին չտպել, ռադիոյով հաղորդվում էին, և Սամվելը ինձ տեսել էր էն ցույցի օրը, որ մենք կազմակերպել էինք էդ տարի։ Այսինքն, երբ որ ես երրորդ կուրսում էի, դա 78 թվականի նոյեմբերի սկիզբն էր, եթե ճիշտ եմ հիշում, և իմացել էինք, որ Բեյրութում Ցեղասպանության հուշարձանը պայթեցրել են, ու հարձակում է եղել Բուրջ Համուդի հայկական թաղամասի վրա, և մենք շատ բորբոքվեցինք նրանից, որ ընդամենը մի Կոմսոմոլի ժողով արեցին և ձևական ելույթներ, պաթոս, ինչ-որ բանաստեղծություններ, և այլն, և այլն, և ես իմ ընկերների հետ էդ ժողովը վերածեցինք ցույցի։ Ու Սամվելը էդ ցույցի ժամանակ տեսել էր ինձ։ Ու հետո ինքը ինձ վստահեց մի քանի արգելված գիրք, որոնցից մեկը հիշում եմ, որ Լեոյի «Անցյալից» գիրքն էր, որը ըստ էության հակադաշնակցական գիրք է բավականին։ Բայց Սովետի սկզբունքն էն էր, որ ոչ մի բան, տեղեկություն չտալ, որը, ասենք, մարդուն, միտքը կաշխատեցնի։ Ասենք, «Հայոց պատմության» գրքերը բարալիկ գրքեր էին, և կարծում եմ, որ հենց դրա պատճառով, որ հայրենասիրություն շատ մեծ չլինի քո մեջ, որ հետո իրենց համար խանգարիչ հանգամանք դառնա։ Ասենք, «ՍՍՀՄ պատմություն» էինք անցնում չորս տարի, ու նախամարդուց մինչև հազար թիվը վազելով անցնում էինք մի 20, 30 կամ 50 էջում, որ շուտ հասնենք 1000 թվական ու Ռուսաստանի պատմությունը սկսվի, ու հետո, ասենք, երեքուկես տարի, չորս տարի անցնում էինք Ռուսաստանի պատմություն։ Այսինքն, սա, էդ Կոմսոմոլի ժողովն էլ, ասենք, էդ տիպի կոծկելու, սղալելու, ու երևի թե նաև մի գուցե ինչ-որ ձևով ասել էին վերևից, որ էդպիսի մի բան կազմակերպեք․․․ Բայց դե մեզ համար դա էական չէր։ Մենք էդ ցույցը արեցինք և երջանիկ էինք, որ կարողացել էինք էդպիսի բան անել։ Հա, և Սամվելից մեկ-մեկ գրքեր էի վերցնում։ Ինչ-որ ինքը․․․ Սամվել Գևորգյանը հետո դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, առաջին գրանցված անկախ թերթի՝ «Հայք»-ի գլխավոր խմբագիր և այլն, և այլն, Ազգային ժողովի (էն ժամանակ Գերագույն Խորհուրդ էր կոչվում) հանձնաժողովի նախագահ։ Հետո ինչ-որ պահի ինքը ինձ ցույց տվեց պատճենահանած մի թուղթ, որը, ՍՍՀՄ Լուսավորության մինիստրություն էր կոչվում էն ժամանակ, հայերեն էլ էր մինիստրություն ասվում նույնիսկ, մինիստրի հրամանն էր, որ հաջորդ սեպտեմբերից բոլոր բուհերում պետք է մասնագիտական առարկաները անցնեն ռուսերեն լեզվով։ Ու դա մեզ համար, իմ և իմ ընկերների ոչ մեծ խմբի, շատ մեծ ողբերգություն էր, որովհետև մենք տեսնում էինք՝ ինչպես էր ռուսանում Հայաստանը։ Մասնավորապես Երևանի կենտրոնում, ասենք, հայերեն խոսակցությունը ու ռուսերեն խոսակցությունը իրար հավասար էին լսվում, ոչ թե նրա համար, որ զբոսաշրջիկներ կային կամ ռելոկանտներ, այլ որովհետև Երևանի, այսպես կոչված՝ Հայաստանի «բարձր դասը», որ ապրում էր մեծ մասամբ Երևանում, համարում էին, որ ռուսերենը ավելի կարևոր լեզու է, ավելի, իրենք՝ բարձր դաս, «վերին արտի ցորեն» որպես, պետք է ռուսերեն խոսեն, իրենց երեխաներին ռուսական դպրոց էին տալիս, ռուսական դպրոցները անընդհատ ավելանում էին, և նույնիսկ, ասենք, ծանոթով, փողով էին ընդունել տալիս ռուսական դպրոցներ։ Այսինքն, միևնույն է, չէին բավականացնում էդ ուծացման ճանապարհը բռնած մարդկանց համար։