Ոչ ոք չի կասկածում, որ ամենաժողովրդավարական, ազատ ընտրությունները տեղի ունեցան 1990-ին՝ Գերագույն խորհրդի ընտրությունները։ 1995-ի Ազգային ժողովի ընտրություններն արդեն կիսով չափ կեղծված էին։ 1996-ի ընտրությունները լրիվ կեղծված էին։ Հաջորդ բոլոր ընտրությունները ծայրից ծայր կեղծված էին, էլ չեմ ասում կեղծելու տարբեր մեխանիզմների մասին։ Դա բերեց նրան, որ ժողովուրդը դարձավ անտարբեր։
Դե միևնույն է՝ ինչ ուզում, անում են, ավելի լավ չէ՞ հինգ կամ տասը հազար դրամ վերցնենք, գնանք իրենց ասած մարդուն ձայն տանք։ Կեղծիքը դարձավ նաև պատճառ, որ ժողովուրդը հիասթափվեց ժողովրդավարությունից։ Եվ ժողովրդավարության այդ դաժան գահավիժումը, որ տեղի ունեցավ էս երեսուն տարիների ընթացքում, գոնե վերջին քսանհինգ տարիների ընթացքում, բերեց նրան, որ հիմա ժողովուրդն իսկապես անտարբեր է, նույնիսկ կիսաանտարբեր է Արցախի հետ կապված դեպքերի պատճառով։
Պետությունը, պետական կառույցները ստեղծված են բոլորովին այլ նպատակներով՝ կախված նրանից, թե հիմքում ինչ գաղափար է դրված։ Հիմքում դրված է ժողովորդավարությո՞ւն, թե՞ անձնիշխանություն, տոտալիտարիզմ։ Խորհրդային համակարգի հիմքում մեկ կուսակցություն, մեկ անձի իշխանություն էր, ամեն ինչ արված, ստեղծված էր այնպես, որ պետությունը դառնար գործիք մեկ անձի ձեռքին։ Այդ մեկ անձի ձեռքին գործիք դառնալու մեխանիզմները շատերը մինչև հիմա էլ չեն պատկերացնում։
Հայաստանը ծայրից ծայր դա ժառանգել է Խորհրդային Միությունից, որովհետև ԽՍՀՄ-ը էսպես ասած իր մասնաճյուղերն ուներ հանրապետություններ կոչվող գաղութներում, և գաղութային իշխանություններն էլ նույն սկզբունքով էին գործում, որովհետև ենթակայացնել Կրեմլին առանձին մեկ-երկու մարդու և նրա ձեռքը հավաքել ամբողջ տեղական իշխանությունը շատ ավելի հեշտ էր, քան երբ դու գործ ունես ընտրովի կամ իսկապես ժողովրդավարական մեխանիզմով ձևավորվածների հետ։
Բնական է, որ Հայաստանը նույնպես ծայրից ծայր սարքված էր անձնիշխանության սկզբունքով։ Օրինակ եթե ես Ձեզ հարցնեմ՝ Հայաստանի վարչապետն ով է եղել, Դուք կարողա չիմանաք էն ժամանակվա վարչապետին, բայց եթե հարցնեմ՝ Դեմիրճյանն ով էր, բնական է, կիմանաք, որովհետև առաջին դեմքը կուսակցության քարտուղարն էր կամ կենտկոմի ներկայացուցիչը։ Համակարգը այնպիսին էր, որ պետության ղեկը դրված էր այ էդ մեկ անձի ձեռքին։ Մեկ անձի ձեռքին դրված պետության ղեկը հղի է սարսափելի ծանր հետևանքներով։
1990-ականների Հայաստանը կարող եմ նկարագրել հետևյալ կերպ։ Առաջին Գերագույն խորհուրդը, այն ժամանակ դեռ Ազգային ժողով չէր կոչվում, որը ձևավորվեց համազգային շարժման ակտիվ մթնոլորտում, իր կազմով բավական հետաքրքիր էր։ Մարդիկ էին, որոնք առանց փողի, առանց դիրքեր օգտագործելու, իրենց անհատական կարողություններով, ազգային հարցերին իրենց նվիրվածության շնորհիվ դարձել էին պատգամավոր։
Առաջին Գերագույն խորհուրդը անհամեմատ ավելի բարձր մակարդակի կառույց էր, և նույնիսկ այն ժամանակ ձևավորված կառավարությունը՝ սկզբում Վազգեն Մանուկյանի, հետագայում նաև մյուսների ղեկավարությամբ։ Էն ժամանակ՝ մինչև 1992-1993-ը, քաղաքական գործունեությունը Հայաստանում դեռ վերելքի մեջ էր։ Եվ էդ վերելքի պատճառով էր, որ մենք ի վերջո կարողացանք Ղարաբաղյան խնդիրը լուծել հօգուտ հայ ժողովրդի։
Ցավալին էն էր, որ իշխանության քննությանը չդիմացան նույնիսկ այն նվիրված ուժերը, որոնք իննսունականներին կարողացան իշխանությունը վերցնել։ Եվ շատ ցավալի է, որ այդ իշխանության քննությանը չդիմանալու պատճառով արդեն 1993-1994-ից սկսվեց այսպես ասած անձնական շահը առաջին տեղը դնելու ավանդույթը։ Եվ կամաց-կամաց մենք սկսեցինք գլորվել էսպես կոչված անձնականացված կամ տոտալիտարիզացված պետության կառուցում, մանավանդ, որ դրան խիստ նպաստում էր խորհրդային ժառանգությունը:
Նույնիսկ 1988-ի շարժումից առաջ՝ 1968-1969-ին, երբ ես Մոսկվայում ասպիրանտուրայում էի սովորում, այնտեղ հիմնեցի ազգային հարցերով զբաղվող հայկական ակումբ։ 1965-ին Երևանում ցույցերից հետո Հայաստանում քաղաքականության մթնոլորտն ավելի լավ էր։ Երիտասարդների մեջ Վրեժ Համբարձումյան կար, նրա կոչերին ընդառաջելով՝ ես հիմնեցի ակումբը։ Փափուկ մեխանիզմներով էինք փորձում գործել։ Դեռ այն ժամանակվանից ծանոթ էի և՛ Վազգեն Մանուկյանին, և՛ Դավիթ Վարդանյանին [խմբ․- քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր], և՛ մյուսներին։ Մի խոսքով․ կիսաքաղաքական գործունեությունը մենք սկսել ենք դեռ 1970-ականներից։
Հայաստանը խորհրդային շրջանից ոչ ժողովրդավարական մեխանիզմներ էր ժառանգել, որոնք նպաստում էին ժողովրդավարական արժեքներից հրաժարվելու գործընթացին
Արշակ Սադոյանը ծնվել է 1940-ի փետրվարի 22-ին Երևանում։ Հայրը մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սադոյանը սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա ավարտել Երևանի պետական համալսարանը։ Մաթեմատիկոս է։ 1968-1970-ին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ Հենց այս տարիներին էլ անուղղակի սկսել է զբաղվել քաղաքականությամբ, ազգային հարցերով զբաղվող խմբակի անդամ է եղել։
Շուրջ քսան տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
Սադոյանը երկար տարիներ եղել է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության անդամ։ Կուսակցության ղեկավարն էր Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար և «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր Վազգեն Մանուկյանը։
Արշակ Սադոյանը Հայաստանի անկախացումից հետո դարձել է Գերագույն խորհրդի պատգամավոր (այժմ՝ Ազգային ժողով): Նա պատգամավոր է եղել 17 տարի։ Մինչև 2003-ը պատգամավոր էր ԱԺՄ խմբակցությունից։ 2001-ին հիմնել է Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցությունը, որը 2003-ին ձևավորված Ազգային ժողովի Արդարության խմբակցության մաս էր (մյուս կուսակցություններն էին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հանրապետությունը, Սահմանադրական իրավունք միությունը, ԱԺՄ-ն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը):
Նա նաև եղել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։