Հասարակության պատկերացումների վրա շատ մեծ ազդեցություն էր գործել նախորդ տարիների Ղարաբաղյան շարժումը՝ 1988-ի փետրվարից։ Շատ մեծ ազդեցություն էր թողել։ Եթե դա չլիներ, և Խորհրդային Միությունը փլուզվեր, ոնց փլուզվեց, և մենք հայտնվեինք անկախ վիճակում, բոլորովին այլ կլինեին մեր հասարակության պատկերացումներն ու մտածելակերպը։ Շարժման երկու-երկուսուկես տարին՝ 1988-90 թվականները, մի շատ ինտենսիվ, շատ արդյունավետ քաղաքական դպրոց եղան, եթե ասեմ ամբողջ բնակչության համար, գուցե չափազանցրած չեմ լինի, համենայն դեպս մի քանի հարյուր հազար մարդու համար, որոնք էդ հասարակության ավելի շատ մտածող մասն են, ամբողջ հասարակությանը կողմնորոշող։
Հանրահավաքները յուրահատուկ էին։ Բացի այն, որ կային օրվա խնդիրներ, ինչ-որ հոդված էր լույս տեսնում, ինչ-որ մեկը ինչ-որ բան էր ասում, դրա քննարկումն էր լինում, ինչ-որ բան էինք նախաձեռնում, անում, գործողություն, ակցիա և այլն, լինում էին նաև բառի բուն իմաստով քաղաքական դասախոսություններ տարբեր թեմաներով՝ բայց ինչ-որ կերպ առնչվելով այդ խնդիրներին։ Եվ այդտեղ ձևավորվեց հասարակության քաղաքական միտք, որը հայ հասարակությունը երբեք չի ունեցել։ Եվ ձևավորվեց, սաղմնավորվեց ազգային արժանապատվության մի նոր հիմք, մեր կարող լինելու, ինչ-որ բան հաղթելու, հաղթահարելու, ինչ-որ բանի հասնելու համոզմունքը ձևավորվեց, որը մինչև էդ մենք չունեինք, և տառապում էինք մեր Ցեղասպանության, միշտ խեղճուկրակ ապրած լինելու բարդույթով։ Էդ բարդույթը հենց էդ տարիներին ահագին փշրվեց՝ դեռ մինչև Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը։ Էդտեղ արդեն էդ հիմքերը կային։ Էդ հիմքերի շնորհիվ էր նաև, որ մենք կարողացանք հաղթանակների հասնել։
Ինչքան որ դժվար էր ռազմաճակատում, նույնքան դժվար էին 1991-1994 թվականները։ Շատ դժվար էր թիկունքում, նրանց համար, ովքեր ուղղակի սովորական իրենց կենցաղով ապրում էին։ Ամեն ինչի պակասությունը, որովհետև Խորհրդային Միությունից հետո, երբ եկանք իշխանության, շատ քիչ բան կար։ Ես հիշում եմ խանութներ, տնտեսական խանութներ, որոնց մեծ ցուցափեղկերում ես տեսել եմ ընդամենը երեք հատ մեծ մուրճ, ուրիշ ոչինչ։ Էլ չեմ խոսում մթերային խանութների մասին։ Խորհրդային Միության վերջին տարիներին շատ բան՝ կարծեմ առաջին ահնրաժեշտության վեց-յոթ ապրանք տալոններով էին վաճառում, և միշտ չէ, որ լինում էր։ Եվ էդ վիճակում, երկրի էդ վիճակում մենք մխրճվեցինք պատերազմի մեջ։
Մեզ պարտադրվեց էդ պատերազմը։ Եթե ինչ-որ բան հնարավոր էր ձեռք բերել կամ ունենալ սոցիալական կարիքներ բավարարելու համար, դրա 90 տոկոսը վերածվում էր ռազմաճակատի համար միջոցների։ Այսինքն՝ սոցիալապես շատ ծանր վիճակ էր, բայց բարոյական իմաստով, մարդկանց ոգևորության իմաստով, ամբողջ հասարակության մեջ, ես հստակ հիշում եմ, որ բարձր մակարդակ կար։ Երբ հոսանքը տրվում էր ժամով, երկու-երեք տարի հովհարային անջատումներ էին մինչև 1995-ը, օրական երկու-երեք ժամ էր լույս տրվում։ Դժվար էր, շատ դժվար էր, բայց ես հիշում եմ՝ էդ դժվարությունն էր երևի մարդկանց ստիպում, մեկ էլ մեկը դուրս էր գալիս պատշգամբ, սկսում էր ակորդեոն նվագել, սկսում էին երգել, ինչ-որ բանով զբաղվել։ Էդ ոչ թե շատ ուրախ էին, այլ ուղղակի չգիտեմ։ Համենայն դեպս, էդ որ ասում են ցուրտ ու մութ տարիներ, էդ ձևակերպումը առաջին անգամ հնչել է պատերազմից շատ հետո՝ 1997, 1998, 1999 թվականներին։ Էն ժամանակ տենց բան չկար: