Ես չեմ սիրում էդ բառը ասել, իմ տերմինը չի, բայց ինչ-որ սրբազան սարսուռ կար որ ես երբեմն-երբեմն հիմա զգում եմ, հատկապես երբ էդ փողի երաժշտությունը լսում եմ։ Կարևոր բան էր։ Չափազանց կարևոր էր։ Մենք շատ ավելի դանդաղ էինք գնալու, խորհրդային մարդուց քաղաքացու անցումը շատ ավելի բարդ ու գուցե ավելի ծանր էր լինելու։
Հավաքվում էին՝ ստորագրելու Բելովեժյան պայմանագիր, թե արդեն անունը լավ չեմ հիշում, էդ օրերին մեր երկրի ղեկավարությունը չգնաց, գնաց Ֆրանսիա և էնտեղ Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկում էին մեզ սպառնացող վտանգները Մոսկվայից եկող։ Սովետական Միություն էր դեռ։
Լեհաստանից համերաշխության շարժման անդամներ էին գալիս էստեղ։ Մերձբալթյան երկրներն էին ապշած, թե էս ինչ առյուծի կաթ են խմել հայերը։ Իրենք դեռ չէին կարողանում խոսել անկախության մասին, իսկ մեզ մոտ դրա սաղմերն արդեն կային։ Եթե նույնիսկ չես խոսում, կես միլիոնանոց, մեկ միլիոնանաոց ցույցը նշանակում ա, որ արդեն իր հպատակության տակ չես, իրենց ենթակայության տակ չես։ Եթե դեռ նույնիսկ հավատում ես իրեն, էդ հավատը շատ կարճ կտևի, եթե չես ուզում լուծես իրենց ուզած կերպով խնդիրը։ Բոլորս հասկանում էինք, որ սա շատ կարճ ա տևելու, և վաղը հաջորդ քայլն էինք անելու։
Կար ընդամենը մեկ գիրք, որը չէր հրատարակվում։ Նույնիսկ չէր հրատարակվում այն ժամանակ, երբ արդեն Սոլժենիցի «Գուլագ Արխիպելագ»-ը կար։ «Գուլագ Արխիպելագ»-ը տարածվել էր, բոլորը կարդում էին, «Գարուն» ամսագիրը հատվածաբար տպում էր, Մոսկվայի մետրո մտնեիր, բոլորը կարդում էին (Մոսկվայի ընթերցողը մի բնավորություն ունի. մետրո ես մտնում, բոլորը կարդում են կամ նույն գիրքը, կամ նույն թերթը։ Իրենք մեզնից շատ ավելի ընթերցասեր էին, հիմա՝ չգիտեմ)։ Մեզ մոտ չէր տպագրվում, դեռ արգելված էր Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր»-ը, որը շատ ավելի անմեղ գործ էր։
Իմ տպավորությամբ՝ Սովետական Միության կուսակցական ղեկավարությունը բացարձակապես արդեն միատարր չէր։ Էնտեղ ներսում արդեն շարժումներ կային իրար դեմ, ամեն մեկը ապագայի իր պատկերացումն ուներ Սովետական Միության։ Ճիշտ էդպես էր նաև Ազգային անվտանգության ծառայությունում, նրանք տեսնում էին երկրի կործանման առաջին նախանշանները, մի մասը կողմ էր, մի մասը դեմ էր, մի մասն ուզում էր դրանով նոր բան ստանալ, մի մասն ասում էր հենց մեղվի փեթակը բզբզացինք, փուլ կգա։
Տարածված մի բան կար. Էստեղ շատ էին ասում, որ Այրում կայարանից այս կողմ Պերեստրոյկան չի անցնում։ Այսինքն՝ չի մտնում Հայաստան։ Մեզ թվում էր, թե Սովետական ամբողջ երկրում դրական փոփոխություններ էին կատարվում,- գուցե դրա մեջ ճշմարտություն էլ կար, կամ գոնե ցուցադրական նշաններ կային, ենթադրենք՝ մենք համարում էինք, որ նախկինում սովետական երկրում Վզգլյադ հաղորդումը չէր կարող լինել,- մենք մտածում էինք՝ Հայաստան ինչու չի հասանում, ոչինչ չի փոխվում)։ Բայց ոնց որ մեր թույլ թիրախին կպան. ուրիշ որևէ բան չէր կարող՝ բնապահպանականը, սոցիալական որևէ շարժում չէր կարող էդպես համազգային բնույթ ստանալ, ինչպես ստացավ Ղարաբաղի խնդիրը։
Հովհաննես Երանյանը հրատարակել է արձակ ութ ժողովածու՝ պատմվածքներ, վիպակներ, վեպեր։ Սովորել է Երևանի գերղարվեստաթատերական ինստիտուտի Թատերագիտության բաժնում։ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, երբ Մոսկվայում շարունակում էր կրթությունը։ Կարճ ժամանակ անց վերադարձավ՝ դառնալու պատմական իրողության ականատեսն ու մասնակիցը։
Մասնագիտական երկար գործունեություն է ունեցել նաև տպագիր մամուլում։ Աշխատել է հանրապետական մամուլում։ Այժմ «Երկիր» շաբաթաթերթի մշակութային էջի պատասխանատուն է։ Բազմաթիվ հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների հեղինակ է (գրականություն, թատրոն և այլն)։ 1995-ին Բեռլինի «Literatur werk chat» կազմակերպության հրավերով «Պատերազմը և գրականությունը», «Մշակույթի դերը պատերազմների կանխարգելման գործում» թեմաներով դասախոսություններ է կարդացել Գերմանիայում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն։ 2004-ի նոյեմբերին Թեհրանում բեմադրվել է Հ. Երանյանի «Կույրերը» պիեսը (պարսկերեն)։ Նույն պիեսը հրատարակվել է Թեհրանում։
Օրերս լույս է տեսել նրա «Ապոկալիպսիսի հրեշտակներ գիրքը»։